Հայկական խաղողի տեսակներից գինիներ՝ Արմավիրի տարածաշրջանի բազմադարյա ավանդույթների ու ոլորտում երկար տարիների փորձի համադրմամբ. հուլիսի 19-ին արտադրողները գինեսերներին ներկայացրին «Ջրաղացպանյան» գինիները:

Հավատարիմ արմատներին

«Ջրաղացպանյան վայների» գործարանը գտնվում է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Գործարանը ներկայումս զբաղվում է գինիների արտադրությամբ և մրգօղիների արտադրության ծառայությունների մատուցմամբ: Տարածաշրջանում գինեգործությամբ զբաղվել են դեռևս մ.թ.ա 8-րդ դարում: Տնայնագործական գինեգործության վաղեմի փորձը փոխանցվել է սերնդեսերունդ և այսօր ներկայանում է ժամանակակից տեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ՝ պահպանելով լավագույն ավանդույթները:

«Ջրաղացպանյան վայների» ընկերության հիմնադիր Արտեմ Ջրաղացպանյանը պատմում է, որ գինեգործարանի գետնափոր մառանը՝ կառուցված 1890-ական թվականներին, ունի փայտյա ծածկ, որի շնորհիվ էլ ջերմաստիճանն այնտեղ կայուն է և երբեք 20 ºC-ը չի անցնում:

«Մառանում ունենք մոտ 4000-5000 լ ընդհանուր տարողությամբ ժառանգված տարբեր գինեգործական տարաներ: Դրանք խողովակներով միացված են վերևից դեպի ներքև, որ խաղողը բերելուց և հնձանում ճզմելուց հետո հյութը հոսի դեպի մառան: Այն այժմ օգտագործում ենք գինիների հասունացման ընթացքում, սակայն հետագայում կդարձնենք յուրօրինակ թանգարան»,- նշում է նա:

Գինու «ԴՆԹ»-ն

Արտադրողները խիստ կարևորում են հումքի որակը, այդ իսկ պատճառով վերահսկում են խաղողի աճեցման ողջ գործընթացը. «Յուրաքանչյուր խաղող, որ օգտագործում ենք մեր գինիների պատրաստման համար, մանրակրկիտ վերահսկվում է մեր կողմից հասունացման ամբողջ ընթացքում: Հստակ սահմանում ենք օրը՝ երբ պետք է կատարվի բերքահավաքը կոնկրետ այգու համար: Հետո կատարում ենք ընտրովի բերքահավաք՝ նախապատվությունը տալով միայն որակյալ պտուղներին: Գործընթացին հաջորդում է վերամշակումը, որի ընթացքում կրկին կատարվում է տեսակավորում»,- մանրամասնում է Արտեմ Ջրաղացպանյանը:

Գինեգործի խոսքով՝ գինու «ԴՆԹ»-ի անբաժան մասն են նաև գիշերուզոր աշխատանքը և ամբողջ գործընթացում ներդրվող ջանքը, սերն ու հոգին:

Համային նրբերանգներ

Արտադրողներն առաջարկում են կարմիր և սպիտակ գինիներ, այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է թողարկել կարմիր ռեզերվը՝  այս տարվա բերքից նպատակ ունենալով արտադրել նաև ռոզե:

Կարմիր գինին կուպաժային է՝ ստացված «Տիգրանի (45%)» և «Կարմիահյութ (55%)» սորտերից: Բերքահավաքը կատարվել է 2017 թվականին, և գինենյութը մառանում մեկ տարի անցել է հասունացման գործընթաց, ինչը Արտեմ Ջրաղացպանյանի հավաստմամբ, յուրօրինակ համային երանգներ է հաղորդել գինուն:

Այն մարմնեղ գինի է, մրգային և ծաղկային՝ սև հաղարջի, վարդի և համեմունքների նրբերանգներով, համում՝ ներդաշնակ, թավշյա տանիններ: Կարմիր գինին կարելի է համադրել տավարի և գառան մսի ուտեստների, մսային խորտիկների և պանրի պինդ տեսակների հետ:

Սպիտակ գինին պատրաստված է խաղողի «Կանգուն» սորտից՝ 2018 թվականի բերքի։

«Օգտագործել ենք երիտասարդ այգու խաղող, որն ուներ բարձր շաքարայնություն և միևնույն ժամանակ նաև բավականին բարձր տիտրվող թթուներ, որի շնորհիվ ստացվել է բավականին հետաքրքիր, բալանսավորված ինքնատիպ գինի»,-ասում է Արտեմ Ջրաղացպանյանը:

Սպիտակ գինին ունի  ծաղկային, կարամելի, նուշի և մեղրամոմի նրբերանգներ, համում ներդաշնակ, դուրեկան թթվություն, մնայուն ետնահամ: Այն կարելի է համադրել սպիտակ մսի ուտեստների, ձկնամթերքի և պանրի փափուկ տեսակների հետ:

 

Գինու տուրիզմ

Ընկերությունը մտադիր է գործարանը դարձնել նաև յուրահատուկ այցելության վայր զբոսաշրջիկների համար: Այս մասին Winenet.am-ի հետ զրույցում պատմում է է «Ջրաղացպանյան վայների» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Ջրաղացպանյանը:

«Ներկա պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ, կառուցում ենք համտեսի սրահ: Նպատակ ունենալով մեր տարածաշրջանում զարգացնել գինու տուրիզմը՝ արդեն հաջորդ տարվանից կկարողանանք գործարանում զբոսաշրջիկներ ընդունել: Այցելուները կկարողանան տեսնել արտադրական ամբողջ գործընթացը, ինչպես նաև համտեսել ավանդական ուտեստներ տիպիկ գյուղական միջավայրում: Այս կերպ կփորձենք ներկայացնել տարածաշրջանի ողջ մշակույթը»,-մանրամասնում է գինեգործը:

 

Նոր շունչ

«Ջրաղացպանյան» գինիների համահեղինակներից Վանիկ Ուռումյանը նշում է, որ ցանկացել են գինու արտադրության ամբողջ գործընթացով անձամբ զբաղվել՝ սկսած խաղողի աճեցումից մինչև վաճառք:

«Շուկայում կան շատ լավ գինիներ, որոնք, սակայն, վաճառողը չի կարողանում լավագույնս ներկայացնել սպառողին, քանի որ գինու պատրաստման գործընթացին ծանոթ չէ: Այն դեպքում, երբ դու ինքդ մաս ես կազմել գինու պատրաստման ողջ գործընթացին, կարողանում ես ճշգրիտ պատասխանել սպառողին հետաքրքիր բոլոր հարցերին՝ փոխանցելով նաև էմոցիոնալ ֆոնը: Ահա այս հատկությունը մեզ դարձնում է մրցակցային»,- նշում է գինեգործը:

Արտաշես Ջրաղացպանյանն էլ հավելում է, որ նոր գինով փորձում են նոր շունչ հաղորդել գինու ոլորտին՝ նպատակ ունենալով բացահայտել հայկական գինեգործական պոտենցիալը:

Տեքստը և լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի