Հետխորհրդային շատ երկրներում հանրության լայն շերտեր շամպայն են կոչում այն խմիչքը, որ ստացվել է երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման եղանակով, սակայն Եվրոպական Միության տարածքում «Շամպայն» մակնշում կարող է ունենալ միայն Ֆրանսիական Շամպան նահանգում արտադրված փրփրուն գինին։

Երևանի շամպայն գինիների գործարանի կոմերցիոն բաժնի պետ Հենրիկ Մնացականյանը նշում է, որ բիզնես տեսանկյունից «շամպայն» բառը կիրառելն առավելություն է․

«Մարդիկ խմիչքը «Շամպայն» անունով են ճանաչում։ Այդ պատճառով էլ պետք է շարունակենք օգտագործել այն այնքան, քանի դեռ օրենքը թույլատրում է»,- Winenet.am-ի հետ զրույցում մանրամասնում է նա։

Երևանի շամպայն գինիների գործարանը ստեղծվել է 1939 թվականին։ Սկզբնական շրջանում այստեղ արտադրվում էին քաղցր և չոր գինիներ, իսկ 1954-ից հիմք դրվեց շամպայնի կամ փրփրուն գինիների արտադրությանը։ Այսօր գործարանում արտադրվում է շամպայն, կոնյակ, գինի և օղի։

«Կարելի է ասել՝ շամպայնը միակ խմիչքն է, որն օգտագործվում է միայն ուրախ առիթների ժամանակ, տոնելու ըմպելիք է, իսկ գինի խմում են գրեթե միշտ։ Թերևս դա է պատճառը, որ ընդհանուր առմամբ գինու վաճառքի ծավալն ավելի շատ է»,- նշում է Հենրիկ Մնացականյանը։

Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Գործարանի արտադրանքն իր տեղն ունի նաև Չինաստանում, շուտով հասանելի կդառնա Ղազախստանում և Բելառուսում։

Խոսելով գալիք ծրագրերի մասին՝ Հենրիկ Մնացականյանը հավելում է, որ մոտ ապագայում կկարողանան նաև զբոսաշրջիկների ընդունել։ Նա հույս է հայտնում, որ գործարանի տուրիստական ուղին պատրաստ կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր։