Vinno` նոր համ հայկական գինու ոլորտում

Հայկական գինիների շուկա է մտնում նոր տեսականի՝ իդեալական ժամանցի և լավ տրամադրության ապահովման համար։ Ահա այսպես Vinno գինիների նոր բրենդի հեղինակները մեկնաբանեցին արտադրություն հիմնելու գաղափարը հունվարի 25-ին Իտալիայի 1 հասցեում գտնվող Vincent Wine Room-ում տեղի ունեցած գինիների ներկայացման և համտեսի միջոցառման ժամանակ։

«Բավականին վաղուց ես և գործընկերս ցանկանում էինք ինչ-որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնպիսի ոլորտում, որը կառնչվի մարդկանց հետ և ուրախ լիցքեր կպարգևի նրանց։ Կանգ առանք գինու վրա, քանի որ այն բազմաշերտ է և հնարավորություն է տալիս շփվելու տարբեր մարդկանց հետ՝ գինեգործներից մինչև ժամանցի վայրերի մենեջերներ»,- Winenet.am-ի հետ զրույցում նշեց ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Հարությունյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Vinno-ի երկու գինիները՝ կարմիր և սպիտակ։ Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ Ալբերտ Ներսիսյանը, որ համագործակցել է արտադրողների հետ և օժանդակել գինիների ստեղծման հարցում, նշում է գինիների համային առանձնահատկությունների մասին. « Կարմիր գինու խմորումն իրանացրել եմ կաղնու տակառների մեջ, որի շնորհիվ գինին ձեռք է բերել յուրահատուկ համ։ Այն շատ լավ համադրվում է կարմիր մսի և պանրի մի քանի տեսակների հետ»,- ասում է Ալբերտ Ներսիսյանը՝ հավելելով, որ սպիտակ գինու թեթևությունն այն դարձնում է ամենօրյա օգտագործման խմիչք։

Նա նաև նշեց, որ արդեն ամռանը կունենան ռոզե տեսակը, իսկ դեկտեմբերին շուկա դուրս կբերեն կարմիր գինու հնեցված տարբերակը։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Իր ելույթում նա բարի գալուստ մաղթեց սկսնակ արտադրողներին՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կարտադրի բարձրորակ գինիներ և կհամալրի հայկական գինիների շարքը միջազգային շուկայում։

Նշենք, որ Vinno-ի կարմիր գինին պատրաստված է Աղավնաձորի տարածաշրջանում աճեցված «Արենի» տեսակի խաղողից, իսկ սպիտակը՝ Արագածոտնի տարածաշրջանի «Կանգուն» և «Ռիկացիթելի» տեսակներից։

Գայանե Ենոքյան