Դեկտեմբերի 3-ին գինեսերները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։

«Հայաստանի այցեքարտ․ հայկական գինի» խորագրով հանդիպման ընթացքում Զարուհի Մուրադյանը խոսեց հայկական գինեգործության ավելի քան 6000 տարվա պատմությունից, ներկայացրեց հիմնադրամի՝ ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը և գրանցած հաջողությունները։

Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի՝ տարվա լավագույն հաջողություններից էր աշխարհահռչակ Riedel ընկերության կողմից «Արենի» սորտի համար գինու գավաթի ստեղծումը։

« Արենի գինի արտադրողների հետ այցելեցինք Riedel ընկերություն, որտեղ պատվիրեցինք «Արենի» բաժակը։ Մեզ ներկայացրին տասը տարբեր գինու գավաթներ՝ ասելով, որ յուրաքանչյուրում գինին յուրովի է դրսևորվում։ Լինելով մասնագետ՝ սկզբում թերահավատորեն էինք մոտենում․ չէ՞ որ նույն գինին է՝ պարզապես տարբեր բաժակներում։ Կույր համտեսի ժամանակ համոզվեցինք, որ իրոք այդպես է, թեև երևույթը շարունակում է մնալ անհասկանալի, — նշեց Զարուհի Մուրադյանը՝ հավելելով, որ հաղթող բաժակում իսկապես իրենց հրաշալի դրսևորեցին «Արենի» տեսակից պատրաստված բոլոր գինիները։

Նա նաև ընդգծեց՝ այն հանգամանքը, որ բաժակի տուփի վրա նշվելու է սորտի անունը, գնորդի մոտ հարց կառաջացնի, թե որտեղ է աճում «Արենին»՝ այդպիսով նպաստելով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը՝ որպես գինեգործական երկիր։

Շարունակելով խոսել վերջին տարիներին գրանցած ներքին սպառման, արտահանման և արտադրանքի ծավալի աճի մասին՝ Զարուհի Մուրադյանն անդրադարձավ նաև ոլորտում կրթության որակի բարձրացման անհրաժեշտությանը։

« Ցավոք, ոլորտում ժամանակակից գիտելիքներով խաղողագործների պակաս կա, և այդ բացը գալիս է առկա կրթական ծրագրերից։ Թեև ուսումնական ծրագրերում արդեն իսկ կատարել ենք որոշակի փոփոխություններ, սակայն խաղողագործությունը դեռևս լիարժեք խորությամբ չի ուսումնասիրվում»,- ասաց Զարուհի Մուրադյանը՝ նշելով, որ 2019 թվականին նախաձեռնել են խաղողագործների վերապատրաստման դասընթացներ, որում ներգրավելու են արտասահմանյան մասնագետների։

Հանդիպման ժամանակ ներկաները նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու հիմնադրամի տնօրենին, իսկ ավարտին համտեսեցին նրա Zara Wines գինիները։